Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում փառապանծ հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնը: Տոնակատարությունները տեղի են ունենում աշխարհի շատ երկրներում, որոնք ազատագրվեցին ֆաշիզմի ճիրաններից: Անշուշտ, մեծ հաղթանակի ձեռք բերման գործում անգնահատելի է խորհրդային ժողովրդի գործած սխրանքը, որն ազատություն պարգևեց մարդկությանը: Հայ ժողովուրդը իր ներդրումն ունեցավ ֆաշիստական Գերմանիայի տապալման և վերստին ազատություն ստանալու վեհ գործում: Հայկական զորամիավորումները բազմիցս արձանագրեցին քաջագործություններ, որոնք դրվատվել և պատմություն են դարձել ու այդ կերպ հայրենասիրության օրինակ դարձել սերունդների համար:
Տաղանդաշատ ու ազատասեր հայ ազգը բազում հերոսներ տվեց, որոնք ապացուցեցին այն պարզ ճշմարտությունը, որ մենք պատրաստ ենք և ունակ մարտնչելու մեր ազատությանն ու գոյությանն ոտնձգություն փորձ անող անիրավ ոսոխի դեմ: Տասնամյակներ անց մեր հերոսությունը կրկին ուրվագծվեց ղարաբաղյան դաժան պատերազմի տարիներին, երբ անկոտրում մեր կամքը չկոտրվեց նաև Շուշվա մատույցներում: Թշնամուն ցույց տրվեց համարձակ ու հանդուգն պատասխան: Արդյունքում հնավուրց հայկական Շուշին վերագտավ իր ազատությունը: Վերանկագնվեց պատմական արդարությունը. Վսեմ հայոց լեռները անպարտելի են, կանգուն, միշտ պատրաստ ելուզակներին դիմագրավելու: Պատահական չէ, որ բազմաչարչար հայ ժողովուրդն իր հարատևման իր պատմության օրհասական պահերին միաբանվել է, զգալով, որ ամեն վայրկյանը անգին է արյան նման, որով գրվելու է մեր նորօրյա պատմությունը: Մեր պատմության ուշագրավ իրադարձությունները եղել են մայիս ամսին և ազատատենչ հայ մարտիկը պատվով է կատարել իր պարտքը սուրբ հողը վերադարձնելու համար:
Ավանդություն է դարձել յուրաքանչյուրիս այցելությունը զոհվածների շիրիմներին: Դիլիջանի թիվ դպրոցի մանկավարժական և աշակերտական համույթը, ի դեմս տնօրեն Ծ.Մկրտչյանի, մայիսի 9-ին իր հարգանքի տուրքը մատուցեց Մեծ Հայրենականում և Շուշիի ազատագրման համար զոհված հայորդիների հուշարձանին: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր այսօրվա ու ապագայի ազատության համար: Նրանք հերոսներ են, անմահ հերոսներ, ովքեր երբեք չեն կարող մոռացվել: Նահատակ հայորդիները օրինակ են ծառայում ներկա երիտասարդի համար, ով պարտավոր է մեր հայրենիքին աննշան սպառնալիքի դեպքում կանգնել հայրենի սահմանի վրա` պաշտպանելու Հայոց աշխարհը: